Exodus 38

Զոհասեղանը պղնձապատեց այն բուրվառների պղնձով, որոնք Կորխի ժողովրդի հետ ապստամբած մարդկանց ձեռքին էին: Կարծր փայտից պատրաստեց այն: Զոհասեղանը քառակուսի էր. հինգ կանգուն էր դրա երկարութիւնը, հինգ կանգուն՝ լայնութիւնը, իսկ երեք կանգուն՝ բարձրութիւնը: Զոհասեղանի չորս կողմը պատրաստեց եղջիւրաւոր անկիւններ, որոնք զոհասեղանի հետ միաձոյլ էին: Նա դրանք պատեց պղնձով: Նա պատրաստեց զոհասեղանի ամբողջ սպասքը՝ խարիսխները, կափարիչը, տաշտերը, մեծ պատառաքաղներն ու բուրվառները: Դրա ամբողջ սպասքը պատրաստեց պղնձից: Նա բուրվառներից պատրաստեց զոհասեղանի ցանցաւոր կասկարաները, որոնք շրջանակի տակից հասնում էին մինչեւ զոհասեղանի մէջտեղը: Զոհասեղանի կասկարայի չորս կողմերին ամրացրեց պղնձէ չորս օղակներ, որպէսզի լծակներն անցկացնեն այդ օղակների մէջ: Լծակները շինեց կարծր փայտից եւ դրանք պատեց պղնձով: Լծակներն անցկացրին զոհասեղանի կողքերին գտնուող օղակների մէջ, որպէսզի զոհասեղանը դրանցով բարձրացնեն: Այն ամբողջովին պատրաստուած էր տախտակներով: Պղնձէ աւազանն ու դրա պղնձէ պատուանդանը պատրաստեց ուխտաւոր այն կանանց հայելիների պղնձից, որոնք վրանը խփած օրը վկայութեան խորանի դռան մօտ էին հաւաքուել: Կառուցեց մի բակ, որ դէպի հարաւ էր նայում: Բակի առագաստները նրբահիւս բեհեզից էին՝ հարիւր կանգուն երկարութեամբ: 10 Դրանց սիւները քսան հատ էին, դրանց պղնձէ խարիսխները՝ քսան հատ: Սիւների խարիսխներն ու խոյակները արծաթից էին: 11 Հիւսիսային կողմի առագաստն ունէր հարիւր կանգուն երկարութիւն: Դրա սիւները քսան հատ էին, պղնձէ խարիսխները՝ քսան հատ: Սիւների խարիսխներն ու խոյակները արծաթից էին: 12 Ծովահայեաց բակի առագաստները յիսուն կանգուն էին: Դրանց սիւները տասը հատ էին, խարիսխները՝ տասը հատ: Սիւների խարիսխներն ու խոյակները արծաթից էին: 13 Արեւելեան կողմի բակի առագաստը յիսուն կանգուն էր, 14 յետեւի կողմի բակի առագաստները տասնհինգ կանգուն էին: Դրանց սիւները երեք հատ էին, խարիսխները՝ երեք հատ: 15 Բակի դռան միւս կողմի առագաստները տասնհինգ կանգուն էին: Դրանց սիւները երեք հատ էին, խարիսխները՝ երեք հատ: 16 Խորանի չորս կողմերի բոլոր առագաստները նրբահիւս բեհեզից էին: 17 Սիւների խարիսխները պղնձից էին, սիւների դրուագներն ու դրանց գալարազարդերը՝ արծաթից, դրանց խոյակները՝ արծաթապատ, բակի բոլոր սիւները՝ արծաթապատ: 18 Բակի դռան վարագոյրները կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւից էին եւ նրբահիւս բեհեզով զարդարուած: Քսան կանգուն էր դրանց երկարութիւնը, տասնհինգ կանգուն՝ բարձրութիւնը: Դրանց լայնութիւնը հաւասար էր բակի առագաստների լայնութեանը: 19 Դրանց մոյթերը չորս հատ էին, դրանց պղնձէ խարիսխները՝ չորս հատ: Դրանց գալարազարդերը արծաթից էին, իսկ դրանց խոյակները՝ արծաթապատ: 20 Բակի ու խորանի չորս կողմերի բոլոր ցցերը պղնձից էին: 21 Ահա վկայութեան խորանի կառուցման պայմանը. կառուցել այնպէս, ինչպէս Աստուած հրամայել էր Մովսէսին, որպէսզի ղեւտացիները Ահարոն քահանայի որդի Իթամարի միջոցով այնտեղ պաշտամունք կատարեն: 22 Յուդայի ցեղից Բեսելիէլը՝ Ուրիի որդին, որը որդին էր Ովրի, արեց այնպէս, ինչպէս Տէրը հրամայել էր Մովսէսին: 23 Բեսելիէլին օգնում էր Դանի ցեղից Աքիսամի որդի Եղիաբը, որը կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւ եւ նրբահիւս բեհեզ գործածելով՝ կատարում էր ոստայնանկութեանը, ասեղնագործութեանն ու նկարչութեանը վերաբերող աշխատանքներ: 24 Սրբարանի բոլոր գործերի համար օգտագործուած ոսկու կշիռը, որը գոյացած էր նուէրներից, եղաւ քսանինը տաղանդ եւ եօթը հարիւր երեսուն սիկղ՝ ըստ սրբարանի սիկղի: 25 Մարդկանցից հաւաքուած արծաթէ նուէրները կշռում էին հարիւր տաղանդ եւ հազար եօթը հարիւր եօթանասունհինգ սիկղ՝ ըստ սրբարանի սիկղի. մարդագլուխ մի դրամ՝ սրբարանի սիկղի հետ համեմատած կէս սիկղ: Քսան տարեկան եւ աւելի բարձր տարիք ունեցող մարդիկ, ովքեր անցնում էին մարդահամարից, վ»ց հարիւր »ր»ք հազար հինգ հարիւր յիսուն հոգի էին: 26 Հարիւր տաղանդ արծաթ ձուլուեց խորանի հարիւր խոյակների եւ վարագոյրի խոյակների համար. 27 հարիւր տաղանդ հարիւր խոյակի համար, մէկ տաղանդ ամէն մի խոյակի համար: 28 Հազար եօթը հարիւր եօթանասունհինգ սիկղը գործածուեց մոյթերի գալարազարդերի համար, ոսկով պատուեցին դրանց խոյակները եւ զարդարուեցին: 29 Նուիրուած պղինձը եօթանասուն տաղանդ եւ երկու հազար չորս հարիւր սիկղ էր: 30 Դրանով պատրաստուեցին վկայութեան խորանի դռան խարիսխները, պղնձէ զոհասեղանը, պղնձէ զոհասեղանի կասկարան, զոհասեղանի ամբողջ սպասքը, բակի չորս կողմերի խարիսխները, բակի դռան խարիսխները, 31 խորանի բոլոր ցցերը, բակի չորս կողմի բոլոր ցցերը, եւ կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւից ու նրբահիւս բեհեզից հիւսուած պարանների ծայրերի օղերը:
Copyright information for ArmEastern