Genesis 6

Երբ սկսեցին մարդիկ բազմանալ երկրի վրայ եւ դուստրեր ունեցան, Աստծու որդիները, տեսնելով որ մարդկանց դուստրերը գեղեցիկ են, կին առան նրանց, ում ընտրեցին: Տէր Աստուած ասաց. «Իմ ոգին յաւիտեան թող չմնայ այդ մարդկանց մէջ, որովհետեւ նրանք մարմնաւոր են: Նրանց կեանքի սահմանը թող լինի հարիւր քսան տարի»: Այդ օրերին հսկաներ էին ապրում երկրի վրայ: Երբ Աստծու որդիները մարդկանց դուստրերի հետ պառկեցին, իրենց համար որդիներ ծնեցին: Նրանք այն հսկաներն էին, որոնք հնուց ի վեր անուանի մարդիկ էին: Երբ Տէր Աստուած տեսաւ, որ մարդկանց չարագործութիւնները բազմանում են երկրի վրայ, եւ ամէն ոք իր մտքում ամէն օր խնամքով չարագործութիւններ է նիւթում, զղջաց Աստուած, որ մարդ է ստեղծել երկրի վրայ, եւ տրտմեց իր հոգու խորքում: Տէր Աստուած ասաց. «Երկրի երեսից վերացնելու եմ իմ ստեղծած ամէն մի էակ՝ մարդուց մինչեւ անասուն եւ սողուններից մինչեւ երկնքի թռչունները, որովհետեւ զղջացել եմ, որ ստեղծել եմ նրանց»: Նոյը, սակայն, արժանացել էր Տէր Աստծու սիրուն: Այս է Նոյի պատմութիւնը: Նոյը կատարեալ եւ արդար մարդ էր իր ազգի մէջ: Նոյը սիրելի եղաւ Աստծուն: 10 Նոյը ծնեց երեք որդի. Սէմին, Քամին, Յաբէթին: 11 Ապականուեց երկիրն Աստծու առաջ, աշխարհը լցուեց անարդարութեամբ: 12 Տէր Աստուած տեսաւ, որ երկիրն ապականուած է, որովհետեւ երկրի վրայ ամէն էակ ապականել էր իր ճանապարհը: 13 Տէր Աստուած ասաց Նոյին. «Բոլոր մարդկանց վերջը հասել է, որովհետեւ երկիրը լցուել է նրանց անիրաւութիւններով: Ես կ՚ոչնչացնեմ նրանց ու երկիրը: 14 Արդ, դու քեզ համար քառակուսի փայտից տապան կը շինես: Տապանը բաժանմունքներով կը պատրաստես եւ ներսից ու դրսից կուպրով կը ծեփես: 15 Տապանն այսպէս կը շինես. թող երեք հարիւր կանգուն լինի տապանի երկարութիւնը, յիսուն կանգուն՝ լայնութիւնը, եւ երեսուն կանգուն՝ բարձրութիւնը: 16 Տապանն աստիճանաբար նեղացնելով կը շինես, այնպէս, որ նրա ծածկը մի կանգուն լինի: Տապանի դուռը կողքից կ՚անես. ներքնայարկ, միջնայարկ ու վերնայարկ թող ունենայ տապանը: 17 Իսկ ես, ահա, ջրով կը հեղեղեմ երկիրը՝ ոչնչացնելու համար երկնքի տակ գտնուող ամէն մի շնչաւոր էակ. եւ այն ամէնը, ինչ կայ երկրի վրայ, կ՚ոչնչանայ: 18 Ես իմ ուխտը կը հաստատեմ քեզ հետ, եւ տապան կը մտնես դու, քեզ հետ նաեւ՝ քո որդիները, քո կինը եւ քո որդիների կանայք: 19 Բոլոր կենդանիներից, բոլոր գազաններից ու բոլոր էակներից երկու-երկու կը մտցնես տապան, որ նրանք կերակրուեն քեզ հետ: Թող դրանք արու եւ էգ լինեն: 20 Ամէն տեսակ թռչուններից, ամէն տեսակ կենդանիներից, երկրի ամէն տեսակ սողուններից՝ բոլորից երկու-երկու, արու եւ էգ, թող մտնեն քեզ հետ, որ կերակրուեն քեզ հետ: 21 Եւ դու կը վերցնես բոլոր այն ուտելիքներից, որոնցով պիտի սնուէք: Դրանք կը կուտակես քեզ մօտ, որպէսզի քեզ ու նրանց համար կերակուր լինեն»: 22 Եւ Նոյն արեց այն ամէնը, ինչ պատուիրեց նրան Տէր Աստուած: Նա այդպէս էլ արեց:
Copyright information for ArmEastern