Luke 13

Այդ նոյն ժամանակ ոմանք եկան եւ պատմեցին նրան այն գալիլիացիների մասին, որոնց արիւնը Պիղատոսը խառնեց իրենց զոհերի արեան հետ: Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Կարծո՞ւմ էք, թէ այն գալիլիացիները, որոնք այդպիսի պատահարների ենթարկուեցին, աւելի մեղաւոր էին քան բոլոր գալիլիացիները: Ո՛չ, ասում եմ ձեզ, սակայն, եթէ չապաշխարէք, ամէնքդ էլ նոյնպէս պիտի կորչէք: Կամ նրանք՝ այն տասնութ մարդիկ, որոնց վրայ Սիլովամում աշտարակը փուլ եկաւ եւ սպանեց նրանց, կարծում էք, թէ աւելի մեղապա՞րտ էին, քան Երուսաղէմում բնակուող բոլոր մարդիկ: Ո՛չ, ասում եմ ձեզ, սակայն եթէ չապաշխարէք, ամէնքդ էլ նոյնպէս պիտի կորչէք»: Պատմեց եւ այս առակը. «Մի մարդ իր այգում մի թզենի էր տնկել. եւ երբ պտղի ժամանակը հասաւ, նա եկաւ նրա վրայ պտուղ փնտռելու ու չգտաւ: Այգեգործին ասաց. «Ահա երեք տարի է, որ գալիս եմ այդ թզենու վրայ պտուղ փնտռելու եւ չեմ գտնում. արդ, կտրի՛ր այդ. ինչո՞ւ է հողն զբաղեցնում»: Այգեգործը պատասխանեց եւ ասաց. «Տէ՛ր իմ, նրան այս տարի էլ թո՛ղ, մինչեւ որ նրա շուրջը փորեմ եւ աղբ գցեմ. գուցէ թէ պտուղ տայ. ապա թէ ոչ՝ մի տարուց յետոյ կը կտրես այդ»: 10 Եւ մի շաբաթ օր Յիսուս մի ժողովարանում ուսուցանում էր: 11 Եւ ահա այնտեղ կար մի կին, որին չար դեւը տասնութ տարի բռնած էր պահում. եւ կուչ էր եկած ու ամենեւին վեր նայել չէր կարողանում: 12 Եւ Յիսուս նրան տեսնելով՝ կանչեց իր մօտ եւ ասաց. «Ո՛վ կին, բժշկուած ես քո հիւանդութիւնից»: 13 Եւ ձեռքը դրեց նրա վրայ, ու նոյն ժամին հիւանդը ուղղուեց եւ Աստծուն փառք էր տալիս: 14 Ժողովրդապետը բարկացաւ, թէ ինչո՛ւ Յիսուս շաբաթ օրով բուժեց. եւ ասաց ժողովրդին. «Վեց օր կայ, երբ արժան է գործել, ա՛յդ օրերին եկէք բուժուեցէք եւ ոչ թէ շաբաթ օրը»: 15 Տէրը նրան պատասխանեց եւ ասաց. «Կեղծաւորնե՛ր, ձեզնից իւրաքանչիւր ոք շաբաթ օրով իր եզը կամ էշը մսուրից չի՞ արձակում եւ չի՞ տանում ջուր տալու: 16 Իսկ սա Աբրահամի դուստրն էր, որին սատանան ահա տասնութ տարի է, ինչ կապել էր, - արժանի չէ՞ր միթէ շաբաթ օրով արձակել նրան կապանքներից»: 17 Եւ երբ այս ասաց, ամաչեցին նրանք, որոնք հակառակում էին նրան. իսկ ամբողջ ժողովուրդը ուրախանում էր այն բոլոր փառաւոր գործերի համար, որ կատարւում էին Յիսուսի կողմից: 18 Եւ ասաց. «Ինչի՞ նման է Աստծու արքայութիւնը, եւ ինչի՞ նմանեցնեմ այն: 19 Նման է մանանեխի հատիկին, որ մի մարդ վերցրեց եւ նետեց իր պարտէզը: Սա աճեց եւ ծառ եղաւ, եւ երկնքի թռչունները ապրում էին նրա ճիւղերի վրայ»: 20 Եւ դարձեալ ասաց. «Ինչի՞ նմանեցնեմ Աստծու արքայութիւնը. 21 նման է այն խմորին, որ մի կին, վերցնելով, խառնեց երեք գրիւ ալիւրի մէջ, մինչեւ որ ամբողջը խմորուեց»: 22 Եւ Յիսուս շրջում էր քաղաքներով ու գիւղերով եւ ուսուցանում էր: Երբ ճանապարհ էր ընկել դէպի Երուսաղէմ, 23 մէկը նրան ասաց. «Տէ՛ր, սակաւաթի՞ւ են նրանք, որ փրկուելու են»: 24 Եւ նա նրանց ասաց. «Ջանացէ՛ք մտնել նեղ դռնով. ասում եմ ձեզ, որ շատերը կ՚ուզենան մտնել, բայց չեն կարողանայ: 25 Այն բանից յետոյ, երբ տանտէրը մտնի եւ դուռը փակի, դուք, դրսում կանգնած, կը սկսէք դուռը բախել եւ ասել. «Տէ՛ր, տէ՛ր, բա՛ց մեզ համար». իսկ նա պատասխանելով կ՚ասի ձեզ. «Չգիտեմ, թէ որտեղից էք»: 26 Այն ժամանակ կը սկսէք ասել. «Մենք քո առաջ կերանք եւ խմեցինք, եւ դու հրապարակներում ուսուցանեցիր»: 27 Եւ տանտէրը կ՚ասի. «Ասում եմ՝ ձեզ չգիտեմ, թէ որտեղից էք. հեռացէ՛ք ինձնից դուք՝ բոլոր անիրաւ մշակներդ»: 28 Այնտեղ կը լինի լաց եւ ատամների կրճտում, երբ տեսնէք Աբրահամին, Իսահակին, Յակոբին եւ բոլոր մարգարէներին Աստծու արքայութեան մէջ, իսկ ձեզ՝ դուրս հանուած: 29 Եւ կը գան մարդիկ արեւելքից եւ արեւմուտքից, հիւսիսից եւ հարաւից ու կը բազմեն Աստծու արքայութեան մէջ: 30 Եւ ահա վերջիններ կան, որ առաջին կը լինեն, եւ առաջիններ՝ որ կը լինեն վերջին»: 31 Նոյն օրը մի քանի փարիսեցիներ մօտեցան եւ ասացին նրան. «Վե՛ր կաց, գնա՛ այստեղից, որովհետեւ Հերովդէսն ուզում է քեզ սպանել»: 32 Եւ Յիսուս նրանց ասաց. «Գնացէք ասացէ՛ք այն աղուէսին, թէ ահա դեւեր եմ հանում, բուժումներ եմ կատարում այսօր եւ վաղը, իսկ երրորդ օրը գործս կ՚աւարտեմ: 33 Բայց պէտք է այսօր, վաղը եւ միւս օրը գնալ. որովհետեւ մարգարէն պէտք չէ, որ Երուսաղէմից դուրս կորստեան մատնուի»: 34 «Երուսաղէ՜մ, Երուսաղէ՜մ, որ կոտորում էիր մարգարէներին եւ քարկոծում էիր քեզ մօտ ուղարկուածներին. քանի՜ քանի՜ անգամ կամեցայ հաւաքել քո որդիներին, ինչպէս հաւը իր ձագերին՝ թեւերի տակ, բայց դու չկամեցար: 35 Ահա ձեր տունը ձեզ պիտի թողնուի աւերակ. բայց ասում եմ ձեզ, որ ինձ այլեւս չէք տեսնի, մինչեւ որ չասէք՝ «Օրհնեա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով»:
Copyright information for ArmEastern