Luke 5

Եւ մինչ ժողովուրդը խռնւում էր նրա շուրջը՝ լսելու Աստծու խօսքը, նա կանգնած էր Գեննեսարէթի ծովակի ափին: Եւ տեսաւ երկու նաւակներ, որ կանգնած էին ծովակի եզերքին. եւ ձկնորսները դրանց միջից դուրս եկած՝ ուռկաններն էին լուանում: Նա մտաւ նաւակներից մէկի մէջ, որ Սիմոնինն էր, եւ խնդրեց նրան, որ ցամաքից փոքր-ինչ հեռացնի այն. նստեց ու նաւակի միջից ուսուցանում էր ժողովրդին: Եւ երբ դադարեց խօսելուց, ասաց Սիմոնին. «Քշիր տա՛ր դէպի խորերը, եւ ձեր ուռկանները գցեցէ՛ք որսալու համար»: Սիմոնը պատասխանեց եւ նրան ասաց. «Վարդապե՛տ, ամբողջ այս գիշեր չարչարուեցինք եւ ոչինչ չբռնեցինք, բայց քո խօսքի համար ուռկանները կը գցենք»: Երբ այդ արեցին, մեծ քանակութեամբ ձկներ բռնեցին, այն աստիճան, որ նրանց ուռկանները պատռւում էին: Նրանք նշան էին անում միւս նաւակի մէջ եղող իրենց որսակիցներին, որ գան իրենց օգնեն: Եւ նրանք եկան, եւ երկու նաւակներն էլ լցուեցին սուզուելու աստիճան: Երբ Սիմոն Պետրոսն այս տեսաւ, Յիսուսի ծնկներին ընկաւ եւ ասաց. «Ինձնից հեռո՛ւ գնա, Տէ՛ր, որովհետեւ ես մեղաւոր մարդ եմ». քանի որ վախը պատել էր նրան եւ բոլորին, որ նրա հետ էին, իրենց բռնած ձկների քանակի պատճառով. 10 նոյնպէս եւ՝ Զեբեդէոսի որդիներին՝ Յակոբոսին եւ Յովհաննէսին, որոնք Սիմոնի որսակիցներն էին. եւ Յիսուս Սիմոնին ասաց. «Մի՛ վախեցիր, այսուհետեւ դու մարդկա՛նց պիտի որսաս կեանքի համար»: 11 Եւ նաւակը ցամաք հանելով՝ թողեցին ամէն ինչ ու նրան հետեւեցին: 12 Եւ երբ նա հասաւ քաղաքներից մէկը, բորոտութեամբ պատած մի մարդ, Յիսուսին տեսնելով, երեսի վրայ ընկած՝ աղաչեց նրան եւ ասաց. «Տէ՛ր, եթէ կամենաս, կարո՛ղ ես ինձ մաքրել»: 13 Նա մեկնեց իր ձեռքը, դիպաւ նրան եւ ասաց. «Կամենում եմ, մաքրուի՛ր»: Եւ իսկոյն բորոտութիւնը գնաց նրանից: 14 Յիսուս պատուիրեց նրան ոչ ոքի չասել, այլ՝ «Գնա՛, - ասաց, - դու քեզ ցո՛յց տուր քահանային եւ ընծայ տուր քո մաքրուելու համար, ինչպէս որ հրամայել էր Մովսէսը՝ ի վկայութիւն նրանց»: 15 Եւ նրա համբաւը աւելի ու աւելի էր տարածւում. եւ բազում ժողովուրդ էր հաւաքւում լսելու նրան ու իրենց հիւանդութիւնից բժշկուելու: 16 Իսկ նա խոյս էր տալիս դէպի ամայի տեղեր եւ աղօթքի էր կանգնում: 17 Մի օր ինքն ուսուցանում էր, իսկ փարիսեցիներն ու օրէնքի վարդապետները, որոնք հաւաքուել էին Գալիլիայի եւ Հրէաստանի բոլոր քաղաքներից ու Երուսաղէմից, նստած էին. եւ Տիրոջ զօրութիւնը նրա հետ էր ու նրա միջոցով բժշկում էր: 18 Եւ ահա մարդիկ մահիճով մի մարդ բերեցին, որ անդամալոյծ էր, եւ ուզում էին նրան ներս մտցնել ու դնել նրա առաջ: 19 Եւ երբ ամբոխի պատճառով նրան ներս մտցնելու միջոց չգտան, բարձրացան տանիք եւ կտուրի բացուածքից նրան վար կախեցին ու մահիճով հանդերձ իջեցրին մէջտեղ, Յիսուսի առաջ: 20 Տեսնելով նրանց հաւատը՝ Յիսուս ասաց նրան. «Ո՛վ մարդ, թող քո մեղքերը քեզ ներուեն»: 21 Օրէնսգէտներն ու փարիսեցիները սկսեցին խորհել եւ ասացին. «Ո՞վ է սա, որ հայհոյանքներ է ասում. ո՞վ կարող է ներել մեղքերը, եթէ ոչ՝ Աստուած միայն»: 22 Յիսուս, գիտենալով նրանց մտածումները, պատասխանեց նրանց եւ ասաց. «Ի՞նչ էք մտմտում ձեր սրտերում. 23 ո՞րն է աւելի հեշտ, ասել՝ քեզ ներուած լինեն քո մեղքե՞րը, թէ՞ ասել՝ վե՛ր կաց եւ քայլի՛ր: 24 Բայց որպէսզի իմանաք, թէ մարդու Որդին իշխանութիւն ունի երկրի վրայ մեղքերը ներելու (ասաց անդամալոյծին)՝ քե՛զ եմ ասում, վե՛ր կաց, վերցրո՛ւ քո մահիճը եւ գնա՛ քո տունը»: 25 Եւ իսկոյն բոլորի առաջ վեր կենալով՝ իր վրայ առաւ այն, ինչի վրայ ինքը պառկել էր, գնաց իր տունը եւ փառաւորում էր Աստծուն: 26 Բոլորին զարմանք պատեց, եւ փառաւորում էին Աստծուն: Ահով լցուեցին եւ ասում էին. «Այսօր արտասովոր բաներ տեսանք»: 27 Դրանից յետոյ, դուրս ելաւ այնտեղից եւ տեսաւ մի մաքսաւորի, որի անունը Ղեւի էր, եւ որը մաքսատանը նստած՝ գործի վրայ էր: Յիսուս նրան ասաց. «Իմ յետեւից արի՛»: 28 Եւ նա թողնելով ամէն ինչ, վեր կացաւ գնաց նրա յետեւից: 29 Եւ Ղեւին իր տան մէջ նրան մեծ ընդունելութիւն տուեց, եւ մեծ թուով մաքսաւորներ եւ ուրիշներ նրանց հետ սեղան էին նստել: 30 Փարիսեցիները եւ օրէնսգէտները տրտնջում էին Յիսուսի դէմ իր աշակերտների մօտ ու ասում. «Ինչո՞ւ էք մաքսաւորների եւ մեղաւորների հետ ուտում եւ խմում»: 31 Յիսուս պատասխանեց նրանց եւ ասաց. «Առողջներին բժիշկներ պէտք չեն, այլ՝ հիւանդներին: 32 Ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ՝ մեղաւորներին՝ ապաշխարութեան»: 33 Եւ նրանցից ոմանք ասացին նրան. «Ինչո՞ւ Յովհաննէսի, ինչպէս եւ փարիսեցիների աշակերտները ծոմ են պահում յաճախ եւ աղօթք անում, իսկ քո աշակերտները ուտում են ու խմում»: 34 Եւ նա ասաց նրանց. «Միթէ կարո՞ղ էք հարսանքաւորներին հրամայել, որ ծոմ պահեն, որքան ժամանակ որ փեսան նրանց հետ է: 35 Կը գան օրեր, երբ որ փեսան նրանցից կը վերցուի, ապա այդ օրերին ծոմ կը պահեն»: 36 Եւ նրանց մի առակ էլ ասաց. «Ոչ ոք հնացած ձորձի վրայ նոր զգեստից կտոր չի դնի, ապա թէ ոչ՝ ե՛ւ նորը կը պատռուի, ե՛ւ նոր զգեստից վերցրած կտորը չի յարմարուի հնի հետ: 37 Եւ ոչ ոք նոր գինին հին տիկերի մէջ չի լցնի, ապա թէ ոչ՝ նոր գինին հին տիկերը կը պայթեցնի. գինին կը թափուի, եւ տիկերը կը փչանան: 38 Այլ՝ նոր գինին նոր տիկերի մէջ պէտք է լցուի, եւ երկուսն էլ կը պահուեն: 39 Եւ ոչ ոք, երբ հինը խմի, նորը կ՚ուզենայ, որովհետեւ կ՚ասի, թէ՝ հինը աւելի լաւն է»:
Copyright information for ArmEastern