Matthew 15

Այն ժամանակ Յիսուսին մօտեցան փարիսեցիներ ու օրէնսգէտներ, որոնք Երուսաղէմից էին, եւ ասացին. «Ինչո՞ւ քո աշակերտները նախնիների աւանդութիւնը զանց են անում, քանի որ, երբ հաց են ուտում, ձեռքները չեն լուանում»: Նա պատասխան տուեց եւ ասաց նրանց. «Իսկ դուք ինչո՞ւ զանց էք անում Աստծու պատուիրանը՝ ձեր աւանդութեան պատճառով. քանի որ Աստուած ասաց. «Մեծարի՛ր քո հօրը եւ մօրը». եւ ով վատաբանում է հօրը կամ մօրը, մահուամբ պիտի պատժուի: Իսկ դուք ասում էք. ով իր հօրը կամ մօրը ասի, թէ՝ այն, ինչ ինձնից օգտուելու ես, Աստծուն ընծայ է, այլեւս չի մեծարի իր հօրը կամ իր մօրը. ուրեմն՝ Աստծու խօսքը արհամարհում էք ձեր աւանդութեան պատճառով: Կեղծաւորնե՛ր, Եսային լաւ է մարգարէացել ձեր վրայ եւ ասել. «Այս ժողովուրդը շրթունքներով է ինձ մեծարում, բայց իրենց սիրտը հեռացած բաժանուած է ինձնից. զուր են ինձ պաշտում. մարդկանց կողմից պատուիրուած վարդապետութիւններ են ուսուցանում»: 10 Եւ Յիսուս իր մօտ կանչելով ժողովրդին՝ ասաց. «Լսեցէ՛ք եւ իմացէ՛ք. 11 ոչ թէ՝ ինչ որ բերանով է մտնում, ա՛յն է պղծում մարդուն, այլ ինչ որ ելնում է բերանից՝ ա՛յն է պղծում մարդուն»: 12 Այն ժամանակ նրա աշակերտները մօտեցան եւ ասացին նրան. «Գիտե՞ս, որ փարիսեցիները, երբ այդ խօսքը լսեցին, գայթակղուեցին»: 13 Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Ամէն տունկ, որ իմ երկնաւոր Հայրը չի տնկել, արմատախիլ պիտի արուի: 14 Թողէ՛ք նրանց. կոյրեր են, կոյրերի առաջնորդ. երբ կոյրն է առաջնորդում կոյրին, սխալւում է, եւ երկուսն էլ փոսն են ընկնում»: 15 Պետրոսը պատասխան տուեց նրան եւ ասաց. «Այս առակը բացատրի՛ր մեզ»: 16 Յիսուս ասաց. «Դեռեւս դո՞ւք էլ անհասկացող էք. 17 չէ՞ք իմանում, թէ ամէն ինչ, որ բերան է մտնում, որովայն է գնում եւ դուրս է ելնում: 18 Իսկ ինչ ելնում է բերանից, սրտից է գալիս, եւ ա՛յն է մարդուն պղծում, 19 քանի որ սրտից է, որ ելնում են չար խորհուրդներ, սպանութիւններ, շնութիւններ, պոռնկութիւններ, գողութիւններ, սուտ վկայութիւններ, հայհոյանքներ: 20 Այս բոլորն են, որ պղծում են մարդուն. իսկ անլուայ ձեռքերով ուտելը մարդուն չի պղծում»: 21 Յիսուս այդտեղից ելնելով՝ գնաց Տիւրոսի եւ Սիդոնի կողմերը: 22 Եւ ահա, այդ շրջաններից եկած քանանացի մի կին աղաղակում էր ու ասում. «Ողորմի՛ր ինձ, Տէ՛ր, Դաւթի՛ Որդի, աղջիկս չարաչար դիւահարւում է»: 23 Բայց նա նրան պատասխան չտուեց, եւ նրա աշակերտները մօտենալով՝ աղաչում էին նրան ու ասում. «Արձակի՛ր նրան, որովհետեւ մեր յետեւից աղաղակում է»: 24 Նա պատասխան տուեց եւ ասաց. «Այլ տեղ չեմ ուղարկուած, եթէ ոչ Իսրայէլի տան կորուսեալ ոչխարների մօտ»: 25 Իսկ կինը մօտենալով՝ երկրպագում էր նրան ու ասում. «Տէ՛ր, օգնի՛ր ինձ»: 26 Նա պատասխանեց նրան եւ ասաց. «Լաւ չէ մանուկների հացն առնել ու շներին գցել»: 27 Եւ նա ասաց. «Այո՛, Տէ՛ր, որովհետեւ շներն էլ կերակրւում են իրենց տիրոջ սեղանից ընկած փշրանքներով»: 28 Այն ժամանակ նրան պատասխանեց եւ ասաց. «Ո՛վ կին, մեծ է քո հաւատը, թող քեզ լինի՝ ինչպէս որ կամենում ես»: Եւ նրա դուստրը նոյն ժամին բժշկուեց: 29 Եւ Յիսուս մեկնելով այդտեղից՝ եկաւ Գալիլիայի ծովեզերքը եւ, լեռը բարձրանալով, նստեց այնտեղ: 30 Նրան մօտեցաւ բազում ժողովուրդ. նրանց մէջ կային կաղեր, կոյրեր, համրեր, հաշմուածներ եւ ուրիշ շատեր: Սրանց բերին գցեցին նրա ոտքերի առջեւ, եւ նա նրանց բժշկեց. 31 այնպէս որ, ժողովուրդը զարմանում էր՝ տեսնելով, որ համրերը խօսում են, կաղերը՝ քայլում, հաշմանդամները՝ բժշկւում, կոյրերը՝ տեսնում. եւ փառք էին տալիս Իսրայէլի Աստծուն: 32 Եւ Յիսուս իր մօտ կանչելով աշակերտներին՝ ասաց. «Խղճում եմ այս ժողովրդին, որովհետեւ ահա երեք օր է, որ ինձ մօտ են եւ բան չունեն, որ ուտեն. եւ նրանց չեմ կամենում սոված արձակել. գուցէ ճանապարհին ուժասպառ լինեն»: 33 Աշակերտները նրան ասացին. «Իսկ այժմ, այս ամայութեան մէջ որտեղի՞ց է մեզ այնչափ հաց՝ այսքան ժողովուրդ կշտացնելու համար»: 34 Եւ Յիսուս նրանց ասաց. «Քանի՞ նկանակ ունէք»: Եւ նրանք ասացին՝ եօթը, եւ մի քանի ձուկ: 35 Եւ նա հրամայեց ժողովրդին, որ նստեն գետնի վրայ: 36 Եւ վերցնելով եօթը նկանակն ու ձկները՝ գոհութիւն յայտնեց Աստծուն եւ կտրեց ու տուեց աշակերտներին, եւ նրանք էլ՝ ժողովրդին: 37 Բոլորը կերան ու յագեցան. եւ եօթը լիքը զամբիւղ կտորտանքների մնացորդներ վերցրին: 38 Եւ նրանք, որ կերան, մօտ չորս հազար հոգի էին՝ չհաշուած կանանց ու երեխաներին: 39 Երբ նա ժողովրդի բազմութիւնը արձակեց, նաւակ բարձրացաւ ու եկաւ Մագդաղիայի սահմանները:
Copyright information for ArmEastern