Matthew 27

Երբ առաւօտ եղաւ, բոլոր քահանայապետները եւ ժողովրդի ծերերը խորհուրդ արեցին Յիսուսի դէմ՝ նրան սպանելու համար: Նրան կապեցին, առան գնացին եւ յանձնեցին պոնտացի Պիղատոս կուսակալի ձեռքը: Այն ժամանակ Յուդան, որ Յիսուսին մատնել էր, տեսնելով, որ Յիսուս դատապարտուեց, զղջաց, արծաթ դրամները վերադարձրեց քահանայապետներին եւ ժողովրդի ծերերին ու ասաց. «Մեղանչեցի, որովհետեւ արդար արիւն մատնեցի»: Իսկ նրանք ասացին. «Մեր հոգը չէ, դո՛ւ գիտես»: Եւ արծաթ դրամները նետեց տաճարի մէջ եւ հեռացաւ ու գնաց ինքն իրեն կախեց: Իսկ քահանայապետները արծաթ դրամները վերցնելով՝ ասացին. «Օրինաւոր չէ դրանք ընդունել տաճարի գանձանակի մէջ, քանի որ արեան գին են»: Եւ խորհուրդ անելով՝ դրանով գնեցին բրուտի ագարակը՝ որպէս գերեզման օտարների համար: Այդ պատճառով այդ ագարակը կոչուել է Արեան ագարակ՝ մինչեւ այսօր: Այն ժամանակ կատարուեց, ինչ ասուել էր Երեմիա մարգարէի բերանով. «Եւ առան երեսուն կտոր արծաթը՝ վաճառուածի գինը, որ նշանակուել էր իսրայէլացիներից, 10 եւ այն տուեցին բրուտի ագարակի համար, ինչպէս Տէրը ինձ հրամայել էր»: 11 Եւ Յիսուս կանգնեց կուսակալի առաջ. կուսակալը հարցրեց նրան ու ասաց. «Դո՞ւ ես հրեաների թագաւորը»: Եւ Յիսուս ասաց. «Դու ես ասում»: 12 Իսկ երբ նա ամբաստանւում էր քահանայապետների ու ծերերի կողմից, ոչինչ չպատասխանեց: 13 Այն ժամանակ Պիղատոսը նրան ասաց. «Չե՞ս լսում, ինչքան դրանք քո դէմ են վկայում»: 14 Եւ նրան չպատասխանեց եւ ոչ մի բան, այնպէս որ կուսակալը շատ զարմացաւ: 15 Սակայն կուսակալը սովորութիւն ունէր տօնի առիթով ժողովրդի համար արձակել մի բանտարկեալ, ում նրանք կամենային: 16 Այն ժամանակ ունէին մի նշանաւոր բանտարկեալ, որի անունը Յեսու Բարաբբա էր: 17 Երբ հաւաքուեցին, Պիղատոսը նրանց ասաց. «Այս երկուսից որի՞ն էք ուզում, որ ձեզ համար արձակեմ. Յեսու Բարաբբայի՞ն, թէ՞ Յիսուսին՝ Քրիստոս կոչուածին». 18 քանի որ Պիղատոսը գիտէր, որ նախանձից մատնել էին նրան: 19 Եւ մինչ նա ատեան էր նստում, իր կինը նրան լուր ուղարկեց ու ասաց. «Քո եւ այդ արդարի միջեւ ոչինչ չկայ, որովհետեւ այսօր երազումս նրա պատճառով գլխովս շատ բաներ անցան»: 20 Իսկ քահանայապետներն ու ծերերը համոզեցին ժողովրդին, որ Բարաբբային ուզեն եւ Յիսուսին կորստեան մատնեն: 21 Կուսակալը պատասխան տուեց ու ասաց նրանց. «Այս երկուսից որի՞ն էք ուզում, որ ձեզ համար արձակեմ»: 22 Եւ նրանք ասացին՝ Բարաբբային: Պիղատոսը նրանց ասաց. «Իսկ ի՞նչ անեմ Յիսուսին՝ Քրիստոս կոչուածին»: 23 Ամէնքը ասացին՝ թող խաչուի: Եւ նա ասաց. «Ի՞նչ չար բան արեց»: Եւ նրանք առաւել եւս աղաղակում էին ու ասում՝ թող խաչուի: 24 Եւ Պիղատոսը տեսնելով, թէ ոչինչ չի օգնում, այլ է՛լ աւելի խռովութիւն է լինում, ջուր վերցնելով՝ լուաց ձեռքերը ժողովրդի առաջ ու ասաց. «Այդ արդարի արիւնից ես անմասն եմ. դո՛ւք գիտէք»: 25 Ամբողջ ժողովուրդը պատասխանեց ու ասաց. «Դրա արիւնը՝ մեր վրայ եւ մեր որդիների վրայ»: 26 Այն ժամանակ Պիղատոսը նրանց համար արձակեց Բարաբբային եւ Յիսուսին գանակոծել տալով՝ տուեց նրանց ձեռքը, որ խաչուի: 27 Այն ժամանակ կուսակալի զինուորները Յիսուսին վերցրին տարան ապարանք եւ ամբողջ գունդը նրա գլխին հաւաքեցին: 28 Մերկացրին նրան եւ նրա վրայ կարմիր վերնազգեստ գցեցին: 29 Եւ փշերից պսակ պատրաստելով՝ դրեցին նրա գլխին եւ մի եղէգ՝ նրա աջ ձեռքին. նրա առաջ ծնկի գալով՝ ծաղրում էին ու ասում. «Ողջո՜յն, հրեաների՛ թագաւոր»: 30 Եւ թքելով նրա վրայ՝ եղէգն առնում էին ու խփում նրա գլխին: 31 Եւ երբ նրան ծաղրուծանակի ենթարկեցին, նրա վրայից հանեցին քղամիդը ու նրան հագցրին իր զգեստը. եւ տարան նրան խաչը հանելու: 32 Եւ դուրս ելնելով՝ գտան կիւրենացի մի մարդ՝ Սիմոն անունով, ու նրան ստիպեցին, որ նա խաչը կրի: 33 Եւ հասնելով Գողգոթա կոչուած տեղը, որ նշանակում է կառափնատեղի, 34 Յիսուսին լեղի խառնած գինի տուեցին խմելու, եւ երբ համտեսեց, չկամեցաւ խմել: 35 Եւ նրան խաչը հանելով՝ բաժանեցին նրա զգեստները՝ վիճակ գցելով, որպէսզի կատարուի այն խօսքը, որ ասուեց մարգարէի կողմից. «Իմ զգեստները բաժանեցին իրենց մէջ եւ իմ պատմուճանի վրայ վիճակ էին գցում»: 36 Ու նստած՝ նրան պահպանում էին: 37 Եւ նրա գլխի վերեւը դրեցին նրա յանցապարտութեան գիրը, թէ՝ սա՛ է Յիսուսը՝ հրեաների թագաւորը: 38 Միեւնոյն ժամանակ նրա հետ խաչը հանեցին երկու աւազակներ՝ մէկը նրա աջից, եւ միւսը՝ ձախից: 39 Եւ մօտով անցնողները հայհոյում էին նրան, շարժում էին գլուխներն ու ասում. 40 «Վա՛հ, դու որ քանդում էիր տաճարը եւ երեք օրից այն շինում, փրկի՛ր քեզ. եթէ Աստծու Որդի ես, իջի՛ր այդ խաչից»: 41 Նոյնպէս եւ քահանայապետները, օրէնսգէտներով ու ծերերով հանդերձ, ծաղրում էին նրան ու ասում. 42 «Ուրիշներին փրկեց, ինքն իրեն չի կարողանում փրկել. եթէ Իսրայէլի թագաւոր է, հիմա թող այդ խաչից իջնի. եւ դրան կը հաւատանք: 43 Եթէ դա յոյսը դրել էր Աստծու վրայ, թող նա այժմ դրան փրկի, եթէ ուզում է դրան. քանի որ ասաց, թէ՝ Աստծու Որդի եմ»: 44 Նրա հետ խաչուած աւազակներն էլ էին նոյն ձեւով նախատում նրան: 45 Եւ կէսօրին ամբողջ երկրի վրայ խաւար եղաւ մինչեւ ժամը երեքը: 46 Ժամը երեքի մօտ Յիսուս բարձր ձայնով գոչեց ու ասաց. «Էլի՜, Էլի՜, լա՞մա սաբաքթանի», այսինքն՝ Աստուա՜ծ իմ, Աստուա՜ծ իմ, ինչո՞ւ թողեցիր ինձ: 47 Այնտեղ կանգնածներից ոմանք, երբ լսեցին, ասացին. «Դա Եղիային է կանչում»: 48 Եւ նրանցից մէկը իսկոյն վազեց, քացախով թաթախուած սպունգ վերցրեց եւ մի եղէգի վրայ անցկացնելով՝ տուեց նրան, որ խմի: 49 Իսկ ուրիշներ ասում էին. «Թո՛ղ, տեսնենք, թէ Եղիան կը գա՞յ, որ դրան փրկի»: 50 Եւ Յիսուս դարձեալ բարձր ձայնով աղաղակեց եւ հոգին աւանդեց: 51 Եւ ահա տաճարի վարագոյրը վերեւից մինչեւ ներքեւ երկուսի պատռուեց, եւ երկիրը շարժուեց, եւ ժայռեր ճեղքուեցին, 52 եւ գերեզմանները բացուեցին, եւ ննջեցեալ սրբերի բազում մարմիններ յարութիւն առան 53 ու նրա յարութիւնից յետոյ գերեզմաններից ելնելով մտան սուրբ քաղաքը եւ շատերին երեւացին: 54 Իսկ հարիւրապետը եւ նրանք, որ իր հետ Յիսուսին պահպանում էին, երբ տեսան երկրաշարժը եւ պատահածները, սաստիկ վախեցան ու ասացին. «Արդարեւ, Աստծու Որդի էր սա»: 55 Այնտեղ շատ կանայք կային, որոնք կանգնած հեռուից նայում էին եւ որոնք Գալիլիայից եկել էին Յիսուսի յետեւից՝ նրան ծառայելու համար. 56 նրանց մէջ էին Մարիամ Մագդաղենացին, Յակոբի եւ Յովսէի մայր Մարիամը եւ Զեբեդէոսի որդիների մայրը: 57 Երբ երեկոյ եղաւ, եկաւ Յովսէփ անունով արիմաթիացի մի մեծահարուստ մարդ, որ Յիսուսին աշակերտել էր: 58 Սա Պիղատոսի մօտ գնալով՝ Յիսուսի մարմինը խնդրեց: Այն ժամանակ Պիղատոսը հրամայեց, որ մարմինը տրուի: 59 Եւ Յովսէփը, մարմինն առնելով, պատեց մաքուր կտաւով 60 եւ դրեց նոր գերեզմանի մէջ, որ փորել էր տուել ժայռի մէջ: Եւ մի մեծ քար, որպէս կափարիչ, գերեզմանի դռան առաջ գլորեց ու գնաց: 61 Այնտեղ էր Մարիամ Մագդաղենացին եւ միւս Մարիամը. նրանք նստած էին գերեզմանի դիմաց: 62 Եւ հետեւեալ օրը, որ ուրբաթի յաջորդ օրն է, քահանայապետներն ու փարիսեցիները հաւաքուեցին Պիղատոսի մօտ ու ասացին. 63 «Տէ՛ր, յիշեցինք, թէ այն մոլորեցնողը, քանի կենդանի էր, ասում էր, թէ՝ երեք օրից յարութիւն պիտի առնեմ: 64 Արդ, հրամայի՛ր, որ մինչեւ երեք օր գերեզմանի ապահովութեանը հոգ տարուի. գուցէ աշակերտները գիշերով գան եւ գողանան նրան ու ժողովրդին ասեն, թէ՝ մեռելներից յարութիւն առաւ. եւ վերջին մոլորութիւնը աւելի վատ լինի, քան առաջինը»: 65 Պիղատոսը նրանց ասաց. «Զինուորներ ունէք. գնացէ՛ք ապահովութեանը հոգ տարէք, ինչպէս որ գիտէք»: 66 Եւ նրանք գնացին գերեզմանի ապահովութեանը հոգ տանելու եւ վէմը կնքեցին՝ զինուորներ նշանակելով:
Copyright information for ArmEastern