Genesis 44
1Յովսէփն իր պալատի կառավարչին հրաման տուեց եւ ասաց. «Այդ մարդկանց պարկերը լցրէ՛ք պարէնով այնքան, որքան կարող են տանել, եւ իւրաքանչիւրի արծաթը դրէ՛ք իր պարկի բերանին: 2Իմ արծաթէ սկիհը դրէ՛ք կրտսեր եղբօր պարկի մէջ: Այնտեղ դրէ՛ք նաեւ նրա ցորենի գինը»: Եւ արուեց ըստ Յովսէփի ասածի: 3Առաւօտեան թոյլ տուեցին, որ նրանք գնան իրենց էշերով: 4Երբ նրանք քաղաքից դուրս ելան, բայց դեռ հեռու չէին գնացել, Յովսէփն ասաց իր պալատի կառավարիչին. «Վե՛ր կաց, հետապնդի՛ր այդ մարդկանց, հասի՛ր նրանց ու ասա՛. «Ինչո՞ւ էք լաւութեան դիմաց վատութիւն անում: 5Ինչո՞ւ գողացաք արծաթէ սկիհը: Չէ՞ որ դրանով էր խմում իմ տէրը եւ դրանով էր գուշակութիւն անում: Արդ, ձեր արածը չար գործ է»: 6Երբ նա հասաւ նրանց, այդպէս էլ ասաց: 7Նրանք պատասխանեցին նրան. «Ինչո՞ւ է տէրը այդպիսի բաներ ասում: Քա՛ւ լիցի, որ քո ծառաները նման բան արած լինեն: 8Եթէ մեր պարկերում գտնուած արծաթը Քանանացիների երկրից մենք վերադարձրել ենք ձեզ, էլ ինչո՞ւ քո տիրոջ տնից արծաթ կամ ոսկի պիտի գողանայինք: 9Արդ, քո ծառաներից ում մօտ որ գտնուի սկիհը, թող մահուան դատապարտուի, իսկ մենք՝ մնացածներս, լինենք մեր տիրոջ ստրուկները»: 10Նա ասաց. «Թող լինի այնպէս, ինչպէս ասացիք. ում մօտ որ գտնուի սկիհը, թող նա դառնայ իմ ստրուկը, իսկ մնացածներդ համարուէք անպարտ»: 11Եւ նրանցից իւրաքանչիւրն շտապ իջեցնելով իր բեռը՝ բացեց իր պարկը: 12Կառավարիչը, աւագից սկսած մինչեւ կրտսերը, խուզարկեց եւ սկիհը գտաւ Բենիամինի պարկի մէջ: 13Նրանք պատառոտեցին իրենց զգեստները, եւ իւրաքանչիւրն իր բեռը բարձելով իր էշի վրայ՝ վերադարձաւ քաղաք: 14Յուդան ու իր եղբայրները ներկայացան Յովսէփին, երբ նա դեռ տանն էր, եւ նրա առաջ երեսի վրայ ընկան գետին: 15Յովսէփն ասաց նրանց. «Այս ի՞նչ է ձեր արածը, մի՞թէ չգիտէք, որ այնպիսի մի մարդ, ինչպիսին ես եմ, գուշակելու կարողութիւն ունի»: 16Յուդան ասաց. «Ի՞նչ պատասխան տանք մեր տիրոջը, ի՞նչ ասենք կամ ինչպէ՞ս արդարանանք: Աստուած բռնեց քո ծառաների գործած յանցանքը: Արդ, ահա մեր տիրոջ ստրուկներն ենք ե՛ւ մենք, ե՛ւ նա, ում մօտ գտնուեց սկիհը»: 17Նա ասաց. «Քա՛ւ լիցի, ես այդպիսի բան չեմ անի: Այն մարդը, որի մօտ գտնուել է սկիհը, նա՛ թող լինի իմ ստրուկը, իսկ դուք ողջ ու անվնաս գնացէ՛ք ձեր հօր մօտ»: 18Յուդան, մօտենալով նրան, ասաց. «Աղաչում եմ, տէ՛ր, թո՛յլ տուր, որ քո ծառան մի բան ասի քո առաջ: Մի՛ բարկացիր քո ծառայի վրայ, որովհետեւ փարաւոնից յետոյ դո՛ւ ես: 19Տէ՛ր, դու հարցրեցիր քո ծառաներին եւ ասացիր, թէ՝ «Հայր կամ եղբայր ունէ՞ք»: 20Եւ մենք պատասխանեցինք մեր տիրոջը. «Ունենք տարիքն առած մի հայր եւ մի կրտսեր եղբայր, որ նա ունեցել է ծեր տարիքում: Սրա եղբայրը մեռել է, եւ սա մնացել է իր մօր միակ որդին, եւ հայրը սիրում է նրան»: 21Դու քո ծառաներին ասացիր. «Նրան բերէ՛ք ինձ մօտ, եւ ես կը հոգամ նրա մասին«: 22Մենք ասացինք մեր տիրոջը. «Երեխան չի կարող բաժանուել իր հօրից, որովհետեւ եթէ բաժանուի իր հօրից, հայրը կը մեռնի»: 23Դու ասացիր քո ծառաներին. «Եթէ ձեր կրտսեր եղբայրը ձեզ հետ չիջնի, չհամարձակուէք երեւալ իմ աչքին»: 24Երբ մենք գնացինք քո ծառայի՝ մեր հօր մօտ եւ յայտնեցինք նրան մեր տիրոջ խօսքերը, 25մեր հայրն ասաց. «Նորից գնացէ՛ք եւ մի քիչ պարէն գնեցէ՛ք»: 26Մենք ասացինք. «Չենք կարող այնտեղ իջնել, եթէ մեր կրտսեր եղբայրը մեզ հետ չիջնի: Մենք միայն այդ պայմանով կ՚իջնենք: Եթէ մեր կրտսեր եղբայրը մեզ հետ չլինի, ապա այդ մարդուն ներկայանալ չենք կարող»: 27Քո ծառան՝ մեր հայրը, մեզ ասաց. «Դուք ինքներդ էլ գիտէք, որ իմ կին Ռաքէլն ինձ համար երկու որդի ծնեց: 28Մէկը տնից հեռացաւ, եւ դուք ասացիք, թէ նա գազանի բաժին դարձաւ: Նրան այլեւս չեմ տեսել մինչեւ հիմա: 29Արդ, եթէ սրան էլ տանէք իմ մօտից, եւ ճանապարհին նա հիւանդանայ, ապա դուք ինձ վշտով այս ծեր հասակում գերեզման կ՚իջեցնէք»: 30Արդ, եթէ մենք գնանք քո ծառայի՝ մեր հօր մօտ, եւ պատանին մեզ հետ չլինի, ապա մեր հօր կեանքը կախուած կը լինի սրա կեանքից: 31Այնպէս որ, եթէ նա այդ երեխային մեզ հետ չտեսնի, կը մեռնի, եւ մենք՝ քո ծառաները, քո ծառային՝ մեր հօրը, ծեր հասակում խոցուած սրտով գերեզման կ՚իջեցնենք: 32Ես՝ քո ծառան, այդ մանկանն իր հօրից ստացել եմ իմ երաշխաւորութեամբ: Ես ասել եմ. «Եթէ նրան չվերադարձնեմ ու չներկայացնեմ քեզ, ապա իմ ամբողջ կեանքում թող յանցաւոր լինեմ հօրս առաջ»: 33Արդ, այս մանկան փոխարէն ես՝ քո ծառան, լինեմ իմ տիրոջ ստրուկը, իսկ պատանին թող գնայ իր եղբայրների հետ: 34Որովհետեւ ինչպէ՞ս կարող եմ իմ հօրը ներկայանալ, եթէ այս պատանին մեզ հետ չլինի: Թող ես չտեսնեմ այն դժբախտութիւնը, որ հօրս է վիճակուելու»:
Copyright information for
ArmEastern