‏ John 4

1Երբ Յիսուս իմացաւ, որ փարիսեցիները լսել են, թէ ինքն աւելի շատ աշակերտներ է դարձնում եւ մկրտում, քան Յովհաննէսը 2(թէպէտեւ ոչ թէ Յիսուս ինքն էր մկրտում, այլ՝ նրա աշակերտները), 3թողեց Հրէաստան երկիրը եւ վերստին եկաւ Գալիլիա: 4Եւ անհրաժեշտ էր, որ նա անցնէր Սամարիայով: 5Նա գալիս է Սամարիայի մի քաղաքը, որի անունն էր Սիւքար, մօտիկ այն գիւղին, որ Յակոբը տուել էր իր որդուն՝ Յովսէփին: 6Եւ այնտեղ Յակոբի աղբիւրը կար: Եւ Յիսուս ճանապարհից յոգնած՝ նստեց աղբիւրի մօտ. կէսօր էր: 7Սամարիայից մի կին է գալիս ջուր հանելու. Յիսուս նրան ասում է. 8«Ինձ խմելու ջուր տուր» (քանի որ նրա աշակերտները գնացել էին քաղաք, որպէսզի ուտելիք գնեն): 9Սամարացի կինը նրան ասում է. «Դու, որ հրեայ ես, ինչպէ՞ս ինձնից՝ սամարացի կնոջից, խմելու ջուր ես ուզում» (որովհետեւ հրեաները սամարացիների հետ երբեք շփում չեն ունենում): 10Յիսուս նրան պատասխանեց եւ ասաց. «Եթէ դու գիտենայի՜ր Աստծու պարգեւները, եւ թէ ով է, որ քեզ ասում է՝ «Ինձ խմելու ջուր տուր», գուցէ ինքդ արդարեւ նրանից կ՚ուզէիր, եւ նա քեզ կենդանի ջուր կը տար»: 11Կինը նրան ասաց. «Տէ՛ր, սակայն դու դոյլ իսկ չունես, եւ այս ջրհորը խորն է. ուրեմն դու որտեղի՞ց կ՚ունենաս կենդանի ջուր: 12Միթէ դու աւելի մե՞ծ մէկն ես, քան մեր հայրը՝ Յակոբը, որ այս ջրհորը մեզ տուել է եւ ինքն էլ խմել է սրանից. նաեւ՝ իր որդիներն ու իր հօտերը»: 13Յիսուս նրան պատասխանեց եւ ասաց. «Ով որ այս ջրից խմի, նորից կը ծարաւի, բայց ով որ խմի այն ջրից, որ ես եմ տալու նրան, յաւիտեան չպիտի ծարաւի: 14Իսկ այն ջուրը, որ ես նրան տալու եմ, նրա մէջ կը լինի բխող ջրի աղբիւր յաւիտենական կեանքի համար»: 15Կինը ասաց նրան. «Տէ՛ր, տո՛ւր ինձ այդ ջուրը, որպէսզի չծարաւեմ եւ այստեղ չգամ ջուր հանելու»: 16Յիսուս նրան ասաց. «Գնա՛, ամուսնուդ կանչի՛ր եւ արի՛ այստեղ»: 17Կինը պատասխան տուեց նրան եւ ասաց. «Ամուսին չունեմ»: Յիսուս նրան ասաց. «Լա՛ւ ասացիր, թէ՝ ամուսին չունեմ, 18որովհետեւ հինգ մարդ ես փոխել եւ ում հետ, որ այժմ ապրում ես, քո ամուսինը չէ. այդ ճիշտ ասացիր»: 19Կինը նրան ասաց. «Տէ՛ր, ինձ թւում է, թէ դու մարգարէ ես: 20Մեր հայրերը այս լերան վրայ երկրպագութիւն արեցին, իսկ դուք ասում էք, թէ միայն Երուսաղէմն է այն տեղը, ուր արժան է երկրպագել»: 21Յիսուս նրան ասաց. «Ո՛վ կին, հաւատա՛ ինձ, որ կը գայ ժամանակը, երբ ո՛չ այս լերան վրայ եւ ո՛չ էլ Երուսաղէմում կ՚երկրպագեն Հօրը: 22Դուք երկրպագում էք նրան, ում չգիտէք, իսկ մենք երկրպագում ենք նրան, ում գիտենք, որովհետեւ փրկութիւնը հրեաներից է: 23Բայց կը գայ ժամանակը, եւ արդէն իսկ եկել է, երբ ճշմարիտ երկրպագուները կ՚երկրպագեն Հօրը հոգով եւ ճշմարտութեամբ, քանի որ Հայրն էլ իրեն այդպիսի երկրպագուներ է ուզում: 24Հոգի է Աստուած, եւ նրա երկրպագուները պէտք է հոգով եւ ճշմարտութեամբ երկրպագեն»: 25Կինը ասաց նրան. «Գիտեմ, որ Մեսիան՝ Քրիստոս կոչուածը, կը գայ. երբ նա գայ, մեզ ամէն ինչ կը պատմի»: 26Յիսուս նրան ասաց. «Այդ ես եմ, որ խօսում եմ քեզ հետ»: 27Եւ այդ խօսքի վրայ նրա աշակերտները եկան եւ զարմանում էին, որ նա խօսում էր այդ կնոջ հետ, բայց նրանցից ոչ ոք չասաց, թէ՝ ի՞նչ ես ուզում կամ ի՞նչ ես խօսում նրա հետ: 28Կինը թողեց իր սափորը եւ քաղաք գնաց ու ասաց մարդկանց. 29«Եկէք տեսէ՛ք մի մարդու, որ ինձ ասաց այն բոլորը, ինչ արել եմ. արդեօք նա՞ է Քրիստոսը»: 30Նրանք ելան քաղաքից եւ գալիս էին նրա մօտ: 31Եւ մինչ նրանք դեռ չէին եկել, աշակերտներն աղաչում էին նրան ու ասում. «Ռաբբի՛, հա՛ց կեր»: 32Նա ասաց նրանց. «Ես ունեմ ուտելու կերակուր, որ դուք չգիտէք»: 33Աշակերտները իրար մէջ ասում էին՝ արդեօք մէկը դրան ուտելու բա՞ն է բերել: 34Յիսուս նրանց ասաց. «Իմ կերակուրն այն է, որ կամքը կատարեմ նրա՛, ով ինձ ուղարկել է, եւ կատարեմ նրա գործը: 35Չէ՞ որ դուք էք ասում, թէ չորս ամիս եւս կայ, որ հունձը գայ. ահա ես ձեզ ասում եմ. բարձրացրէ՛ք ձեր աչքերը եւ տեսէ՛ք արտերը, որ սպիտակել են եւ հասել հնձի համար: 36Եւ ով հնձում է, վարձ է ստանում ու յաւիտենական կեանքի համար պտուղ է կուտակում, որպէսզի սերմանողն ու հնձողը հաւասարապէս ցնծան: 37Հէնց սրանով է ճշմարիտ այն խօսքը, թէ՝ ա՛յլ է սերմանողը եւ ա՛յլ՝ հնձողը: 38Ես ուղարկեցի ձեզ հնձելու այն, որի վրայ աշխատանք չէիք թափել. ուրիշներ աշխատանք թափեցին, իսկ դուք նրանց վաստակի մէջ մտաք»: 39Եւ սամարացիների այդ քաղաքից շատեր հաւատացին նրան այն կնոջ խօսքի համար, որ վկայեց, թէ՝ ինձ ասաց այն բոլորը, ինչ ես արել էի: 40Իսկ երբ սամարացիները նրա մօտ եկան, աղաչում էին, որ իրենց մօտ մնայ. եւ նա այնտեղ մնաց երկու օր: 41Ուրիշ շատեր էլ նրան հաւատացին՝ իր խօսքի համար. 42եւ կնոջն ասում էին. «Այսուհետեւ քո խօսքերի համար չէ, որ հաւատում ենք, որովհետեւ մենք ինքներս լսեցինք նրանից եւ գիտենք, թէ նա՛ է ճշմարտապէս Փրկիչն աշխարհի»: 43Եւ երկու օր յետոյ նա ելաւ այնտեղից եւ գնաց Գալիլիա. 44քանի որ Յիսուս ինքն իսկ վկայել էր, թէ մարգարէն իր գաւառում պատիւ չունի: 45Սակայն, երբ նա Գալիլիա եկաւ, գալիլիացիները նրան ընդունեցին, որովհետեւ նրանք եւս տեսել էին այն բոլոր նշանները, որ նա արեց Երուսաղէմում՝ տօնի ժամանակ, քանի որ նրանք էլ էին եկել տօնին: 46Յիսուս դարձեալ եկաւ Գալիլիայի Կանա քաղաքը, ուր ջուրը գինու էր վերածել: Պալատական մի պաշտօնատար կար, որի որդին հիւանդ էր Կափառնայումում: 47Երբ նա լսեց, թէ Յիսուս Հրէաստանից Գալիլիա է եկել, եկաւ նրա մօտ եւ աղաչում էր, որ Կափառնայում իջնի ու իր որդուն բժշկի, քանի որ մերձիմահ էր: 48Յիսուս նրան ասաց. «Եթէ նշաններ եւ զարմանալի գործեր չտեսնէք, չէք հաւատում»: 49Պաշտօնատարը նրան ասաց. «Տէ՛ր, իջի՛ր, քանի դեռ իմ որդին չի մեռել»: 50Յիսուս նրան ասաց. «Գնա՛, քո որդին կենդանի է»: Եւ մարդը հաւատաց Յիսուսի ասած խօսքին ու գնաց: 51Եւ մինչդեռ նա իջնում էր, նրա ծառաները ընդառաջ ելան նրան, աւետիս տուեցին եւ ասացին, թէ նրա տղան կենդանի է: 52Նա հարցրեց նրանց, թէ ո՞ր ժամին ապաքինուեց: Նրան ասացին. «Երէկ, յետմիջօրէի ժամը մէկին ջերմը նրան թողեց»: 53Հայրը գիտակցեց, որ այդ ժամին էր, երբ Յիսուս նրան ասաց՝ քո որդին կենդանի է: Եւ հաւատաց ինքը, ու իր ամբողջ ընտանիքը: 54Այս դարձեալ երկրորդ նշանն է, որ արեց Յիսուս՝ Հրէաստանից Գալիլիա գալուց յետոյ:
Copyright information for ArmEastern