Mark 5
1Եւ Յիսուս եկաւ ծովի հանդիպակաց կողմը, գերգեսացիների երկիրը: 2Եւ երբ նա նաւակից դուրս ելաւ, գերեզմաններից նրա դէմն ելաւ մի մարդ, որին բռնել էր մի պիղծ ոգի, 3եւ որի բնակութեան տեղն իսկ գերեզմանների մէջ էր: Եւ ոչ ոք նրան շղթաներով անգամ չէր կարող կապել, 4որովհետեւ շատ անգամ ոտնակապերով եւ շղթաներով կապուած էր, բայց շղթաները փշրել էր ու ոտնակապերը՝ ջարդել: Ոչ ոք նրան չէր կարողանում զսպել, 5որովհետեւ միշտ, գիշեր ու ցերեկ, գերեզմաններում եւ լեռներում, աղաղակում էր եւ ինքն իրեն քարերով ծեծում: 6Երբ նա Յիսուսին հեռուից տեսաւ, առաջ վազեց ու երկրպագեց նրան. 7բարձրաձայն աղաղակեց եւ ասաց. «Ի՞նչ ես ուզում ինձնից, Յիսո՛ւս, բարձրեալ Աստծո՛ւ Որդի: Երդուեցնում եմ քեզ Աստուծով, ինձ մի՛ տանջիր». 8քանի որ Յիսուս նրան ասում էր. «Պի՛ղծ ոգի, դո՛ւրս ելիր այդ մարդուց»: 9Եւ նրան հարցրեց. «Անունդ ի՞նչ է»: Եւ նա ասաց նրան. «Իմ անունը Լեգէոն է, քանի որ բազում ենք»: 10Իսկ պիղծ ոգիները սաստիկ աղաչում էին նրան, որ այդ շրջանից դուրս չուղարկի իրենց: 11Եւ այնտեղ, լերան լանջին, խոզերի մի մեծ երամակ կար, որ արածում էր: 12Բոլոր դեւերը աղաչեցին նրան եւ ասացին. «Մեզ խոզերի մէջ ուղարկիր, որ մտնենք նրանց մէջ»: 13Եւ նա հրամայեց նրանց: Երբ պիղծ ոգիները դուրս ելան, մտան խոզերի մէջ, եւ երամակը, թուով մօտ երկու հազար, դարաւանդից դիմեց դէպի ծովը. եւ խեղդուեցին ծովում: 14Խոզարածները փախան եւ քաղաքում ու ագարակներում պատմեցին. եւ մարդիկ դուրս ելան տեսնելու, թէ ի՛նչ էր կատարուել: 15Եկան Յիսուսի մօտ եւ տեսան դիւահարին, որ նստել էր՝ հագնուած եւ զգաստացած, նրան, որ լեգէոն ունէր. եւ զարհուրեցին: 16Եւ ովքեր որ տեսել էին, պատմեցին նրանց, թէ ինչ պատահեց այսահարին եւ ինչ՝ խոզերին: 17Եւ սկսեցին աղաչել Յիսուսին, որ հեռանայ իրենց սահմաններից: 18Եւ երբ նաւակ մտաւ, դիւահարը նրան աղաչում էր, որ նրա հետ լինի: 19Բայց Յիսուս նրան թոյլ չտուեց, այլ ասաց. «Գնա՛ քո տունը հարազատներիդ մօտ եւ պատմի՛ր նրանց այն ամէնը, ինչ Տէրը քեզ արեց եւ թէ ինչպէս խղճաց քեզ»: 20Եւ նա գնաց ու սկսեց տարածել Դեկապոլսում, ինչ որ Յիսուս իր համար արել էր: Եւ ամէնքը զարմանում էին: 21Եւ երբ Յիսուս նաւակով նորից ծովի միւս կողմն անցաւ, նրա մօտ հաւաքուեց բազում ժողովուրդ: Եւ ինքը ծովեզրին էր: 22Ահա եկաւ ժողովրդապետներից մէկը, որի անունը Յայրոս էր. եւ երբ տեսաւ նրան, նրա ոտքերն ընկաւ. 23սաստիկ աղաչում էր նրան ու ասում, որ իր դուստրը մահամերձ է, եւ որ նա գայ ու նրա վրայ իր ձեռքը դնի, որպէսզի առողջանայ եւ ապրի: 24Եւ Յիսուս գնաց նրա հետ. նրա յետեւից գնում էր նաեւ բազում ժողովուրդ եւ նեղում էր նրան: 25Եւ մի կին կար, որ տասներկու տարուց ի վեր արիւնահոսութիւն ունէր: 26Նա շատ էր տառապել բազմաթիւ բժիշկների ձեռքից եւ իր ամբողջ ունեցուածքը ծախսել էր, բայց որեւէ օգուտ չէր գտել, այլ է՛լ աւելի վատացել էր: 27Նա երբ լսեց Յիսուսի մասին, եկաւ ամբոխի մէջ նրա յետեւից եւ ձեռքը դիպցրեց նրա զգեստին, 28որովհետեւ մտքում խորհում էր. «Եթէ միայն դիպչեմ նրա զգեստներին, կը բժշկուեմ»: 29Եւ իսկոյն նրա արեան աղբիւրը չորացաւ, եւ իր մարմնի մէջ զգաց, որ տանջանքներից բժշկուեց: 30Եւ Յիսուս իսկոյն ինքն իր մէջ իմանալով իրենից դուրս ելած զօրութիւնը, դարձաւ դէպի ամբոխը եւ ասաց. «Ո՞վ դիպաւ իմ զգեստներին»: 31Եւ աշակերտները նրան ասացին. «Տեսնում ես, որ ամբոխը նեղում է քեզ, եւ ասում ես, թէ՝ ո՞վ դիպաւ իմ զգեստներին»: 32Եւ նա շուրջն էր նայում՝ տեսնելու, թէ ո՛վ այդ արեց: 33Եւ այդ կինը, զարհուրած ու դողալով նրա համար, որ գաղտնի էր արել, - որովհետեւ գիտէր, թէ ինչ կատարուեց իր հետ, - եկաւ ընկաւ նրա առաջ եւ ամէն ինչ ստուգութեամբ ասաց: 34Եւ Յիսուս նրան ասաց. «Դո՛ւստր, քո հաւատը քեզ փրկեց, գնա՛ խաղաղութեամբ եւ քո տանջանքներից բժշկուած եղիր»: 35Մինչ Յիսուս այս բանն էր խօսում, ժողովրդապետի տնից ոմանք եկան եւ ասացին. «Քո դուստրը մեռաւ, էլ ի՞նչ ես նեղութիւն տալիս Վարդապետին»: 36Իսկ Յիսուս, երբ լսեց ասուած խօսքը, ժողովրդապետին ասաց. «Մի՛ վախեցիր, այլ միայն հաւատա՛»: 37Եւ ոչ ոքի թոյլ չտուեց իր հետ գնալ, այլ միայն՝ Պետրոսին, Յակոբոսին եւ նրա եղբօրը՝ Յովհաննէսին: 38Յիսուս ժողովրդապետի տունը եկաւ եւ տեսաւ մի մեծ ամբոխ, լացուկոծ անողներ եւ աղմուկ-աղաղակ: 39Ապա ներս մտնելով՝ նրանց ասաց. «Ինչո՞ւ էք խռովուած ու լաց էք լինում. մանուկը մեռած չէ, այլ ննջում է»: 40Սակայն նրանք ծաղրում էին նրան: Իսկ նա, ամենքին դուրս հանելով, վերցրեց իր հետ մանկան հօրն ու մօրը եւ նրանց, որ իր հետ էին, եւ մտաւ այնտեղ, ուր պառկած էր մանուկը: 41Եւ բռնելով մանկան ձեռքից՝ ասաց նրան՝ Տալի՛թա, կո՛ւմի, որ նշանակում է՝ աղջի՛կ, դո՛ւ, քե՛զ եմ ասում, վե՛ր կաց: 42Եւ աղջիկը իսկոյն վեր կացաւ ու քայլում էր, քանի որ մօտ տասներկու տարեկան էր: Եւ ամէնքը մեծապէս զարմացան: 43Իսկ նա նրանց խստիւ պատուիրեց, որ ոչ ոք այդ բանը չիմանայ. ու ասաց, որ նրան ուտելու բան տան:
Copyright information for
ArmEastern